Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱԺԱՆԵԼ ՓՈՂԵՐԸ

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱԺԱՆԵԼ ՓՈՂԵՐԸ
04.02.2011 | 00:00

Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում կնճռոտ բազմաթիվ հարցեր կան: Եվ ահա մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, առանձնացրեց հույժ կարևորություն ունեցող խնդիրներ, որոնք հազիվ թե առաջիկայում լուծվեն:
Նախ, բանախոսն անդրադարձավ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսական հայեցակարգի մշակմանը, նաև ներկայացրեց, թե ինչպես է այն իրականացվելու: Ասվեց, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին աջակցության կարգով ֆինանսավորման հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը վաղուց է օրակարգային դարձել: Դրա բացակայությունը հանգեցրել է կազմակերպությունների ոչ արդյունավետ ֆինանսավորմանը, որը բացասաբար է անդրադարձել ոլորտում իրականացվող աշխատանքների վրա: «Այդ հայեցակարգը պետք է լինի հնարավորինս պարզ, թափանցիկ և մեծամասնության կողմից ընդունելի: Դրա իրականացումը կհանգեցնի այն բանին, որ ոլորտն առաջընթաց կունենա։ Հայեցակարգ մշակելիս հաշվի կառնվեն միջազգային փորձը և Հայաստանի օրենսդրությունը»,- ասաց նախարարը:
Ի դեպ, Հայաստանի կառավարության հատկացրած տարեկան 4 մլրդ դրամը բավարար չէ ծառացած բոլոր հարցերը լուծելու համար: Հարևան Վրաստանում սպորտի պետական կառույցն իր կարիքները հոգալու համար 5-6 անգամ ավելի շատ ֆինանսավորում է ստանում: Փաստորեն, մեր երկրում հաշվի են առնում եղած հնարավորությունները և աշխատում այդ սահմաններում տեղավորվել: Նախարարությունը նույնիսկ աչքի ընկած մարզիկներին որպես խրախուսանք տրամադրելու գումարներ չունի: Դրանք հանձնվում են ՀՀ նախագահի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Այդուհանդերձ, ֆինանսական խնդիրների բարելավման հետ մեկտեղ, հնարավոր է, որ այդ նպատակով հիմնադրամ ստեղծվի:
2011-ին լուրջ ուշադրություն է դարձվելու ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացմանը: ՈՒ եթե նախորդ տարվա համեմատ 2010-ին այդ ստուգատեսի մասնակիցների թիվը կրկնապատկվել և հասել էր 347-ի, սպասվում է, որ այս տարի մեկնարկի ելած ընտանիքների թիվը երեք անգամ շատ կլինի և կհատի 1000-ի սահմանը: Նախարարի փոխանցմամբ` դա գերատեսչության ամենահաջողված ծրագրերից է, այդ մրցույթը Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում:
«Իրատես de facto»-ի երեք հարցին նախարարը յուրովի պատասխանեց: Նախ, մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել այն 31 մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք, ի տարբերություն մյուս մի քանի տասնյակ համանման կազմակերպությունների, աջակցության կարգով ֆինանսավորվում են: Արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի, որ այդ մարզաձևերի ֆեդերացիաների միջոցառումների օրացուցային միասնական ծրագիրը հրապարակվեր, որպեսզի պարզ լիներ, թե ինչի հիման վրա է կառավարությունը ֆինանսավորում և ինչ նպատակով են ծախսվում տրամադրվող փողերը: Ի վերջո, նախարարը վստա՞հ է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման ժամանակ տեղերում չարաշահումներ, հավելագրումներ չեն լինում, կամ էլ` հնարավո՞ր է մեկնարկի դուրս գան հավաքական ընտանիքներ, և իրականում ոչ թե 1000 ընտանիք մասնակցի 2011-ի մրցույթին, այլ դրա կեսից էլ պակաս:
Նախարարը կրկին փաստեց, որ ֆինանսավորման հարցում գլխավոր նախապայմանը պետք է լինեն պարզությունը, թափանցիկությունը, և եթե որևէ մարզաձևի ֆեդերացիա 10 անգամ շատ փող է ստանում, քան մյուսը, դա պայմանավորված է այն բանով, թե տվյալ մարզաձևի ֆեդերացիան միջազգային ստուգատեսներից ինչպիսի ավարով է վերադառնում: «Քանի որ ֆինանսները սահմանափակ են, ստիպված ենք շատ փող տրամադրել այն ֆեդերացիաներին, որոնք արդյունավետ են աշխատում: Հաշվի է առնվում նաև` մարզաձևն օլիմպիակա՞ն է, թե՞ ոչ»,- ասաց նա: Իսկ այն, որ Հայաստանում սնկի նման աճում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները, ՀՀ արդարադատության նախարարությունն էլ անխտիր գրանցում է դրանք որպես հասարակական կազմակերպություններ, արտասովոր չհամարվեց: Դա այն դեպքում, երբ մեր երկրում միայն արևելյան մարտարվեստի մի քանի տասնյակ ֆեդերացիա կա: Կատարվածը Պետրոսյանն օրինաչափ համարեց, խոստովանեց, որ չարաշահումներից խուսափելու համար դժվար է վերահսկողություն իրականացնել: Տարբերակներից մեկը համանման մարզական կազմակերպությունների միավորումն է, խորհուրդների ստեղծումը, այդ դեպքում հնարավոր է, որ դրանք ավելի լուրջ արդյունքների հասնեն:
Օգտվելով առիթից` հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու մեր երկրի բռնցքամարտիկների ճակատագիրը, քանի որ այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, և, մեդալներից բացի, խաղարկվելու են նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Արդեն որոշվե՞լ է` մերոնք մասնակցելո՞ւ են այդ ստուգատեսին, թե՞ ոչ: «Առայժմ վաղ է այդ մասին խոսելը: Եթե վատ պայմաններ են լինելու, անվտանգության երաշխիքներ չեն տրվելու, ապա չգնալը ճիշտ է: Այդ հարցին վերջնական պատասխան դեռ չկա: Շատ բանով դա կազմակերպիչներից է կախված, թե ինչ պայմաններ կառաջարկվեն: Անցյալ տարի մեր երիտասարդ բռնցքամարտիկների համար Բաքվում ոչ այնքան լավ պայմաններ էին ստեղծվել, և դա անդրադարձավ արդյունքների վրա»,- ասաց Արթուր Պետրոսյանը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ